Ընտանիքի տարվա շրջանակներում դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում հյուրընկալեց բազմազավակ ընտանիքների Մասիս քաղաքից` ուղեկցությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի (Արարատյան Հայրապետական թեմ), և Արմավիր քաղաքից ու շրջակա համայնքներից` առաջնորդությամբ Արժանապատիվ Տ. Արտակ ավագ քահանա Սիմոնյանի (Արմավիրի թեմ):
Իր հոգու բերկրանքն արտահայտելով բազմազավակ ընտանիքների` ամենայն հայոց հոգևոր կենտրոն այցերի առիթով` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ուխտագնացության մեծահասակ և կրտսեր մասնակիցներին:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ 2019 թվականը հռչակել է «Ընտանիքի տարի», որպեսզի անդրադարձ կատարվի այն արժեքներին, որոնցով հայ ընտանիքը ամուր և հզոր է: Ըստ Հայոց Հայրապետի՝ այդ արժեքները կարելի է ամբողջացնել երկու կարևորագույն՝ աստվածսիրություն և հայրենասիրություն գաղափարների մեջ, որոնց վրա խարսխված յուրաքանչյուր ընտանիքում կգերակայեն սերը, փոխադարձ հարգանքն ու համերաշխության ոգին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ Սուրբ Աջը մշտապես հովանի լինի հայ ընտանիքներին, որպեսզի ապրեն Աստծո օրհնության ու լիության մեջ:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
Տեղեկատվության բաժին