Արմավիրի թեմի կիրակնօրյա վարժարանների միջև խաղ մրցույթ

Apr 23, 2012 | Թողնել մեկնաբանություն

Արմավիրի թեմի առաջնորդրանում ապրիլի 21-ին թեմի Քրիստոնեական դաստիրակության կենտրոնի կողմից կազմակերպվել էր հոգևոր թեմայով խաղ մրցույթ Արմավիրի թեմի հինգ կիրակնօրյա դպրոցների սաների մասնակցությամբ:

Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Գր. Նարեկացի, Սբ. Գևորգ և Սբ. Հովհաննես կիրակնօրյա վարժարանները գործում են թեմի բարերար Ռեյ Ռիդրի բարերարությամբ, ով նույնպես  ներկա էր մրցույթին և յուրաքանչյուր անգամ սիրով մասնակցում է կիրկնօրյաներում կազմակերպված  միջոցառումներին:

Հարցերը, որոնց պետք է պատասխանեին թիմերը կազմվել էին թեմի ՔԴԿ-ի կողմից: Մրցույթը ավելի շատ երեխաների քրիստոնեական գիտելիքների ստուգում էր, որը պետք է արժանանար գնահատականի, նշենք որ մրցույթը շատ թեժ էր և ողջունելի էր, որ ցանկացած հարցի տրվում էր պատասխան:

Մրցույթը գնահատվում էր թեմի հոգևորականների կողմից, վերջիններիս կողմից նույնպես տրվում էին լրացուցիչ հարցեր երեխաների գիտելիքները ստուգելու նպատակով:

Ի վերջո մրցույթը ավարտվեց բարձր միավորներով: Լեռնագոգի  Սբ. Հռիփսիմե կիրակնօրյա վարժարանը արժանացավ առաջին մրցանակին, Այգեշատի  Սբ. Գևորգ կիրկնօրյա վարժարանը մեկ միավորի տարբերությամբ  արժանացավ երկրորդ մրցանակին, իսկ երրորդ մրցանակը տրվեց  Արմավիր քաղաքի Սբ. Գր. Նարեկացի վարժարանին:

Մմրցույթի ընթացքում իրենց գեղարվեստական կատարումներով հանդես եկան Մեծամորի Սբ. Ղազար կրթական կենտրոնին կից գործող Զանգակատուն  ԲՀԿ  Արևածաղիկ երգչախմբի սաները, ազգագրական պարով  ելույթ ունեցան Սբ. Հռիփսիմե կիրկանօրյա վարժարանի սաները,  ժողովրդական երգով հանդես եկավ նույն կիրակնօրյայի սան Դավիթը, ով վերջերս իր անզուգական երգերով մասնակցեց ԱՄՆ-ում Մանուկների հիմնադրամի կողմից  կազմակերպված բարեգործական ճաշկերույթին: Իսկ Արմավիրի Արվեստի պետական  քոլեջի  քանոնի բաժնի ուսանողուհի  Արքսյա Աղաջանյանը կատարեց մի քանի  հրաշալի ստեղծագործություններ:

Արմավիրի թեմի ՔԴԿ պատասխանատու Ռուզաննա Հարությունյանը  շնորհավորելով բոլորին նշեց,  որ մրցույթում պարտվողներ չեն եղել քանի, որ յուրաքանչյուր թիմ գրեթե մեկ կամ երկու միավորով էր միմյանց զիջում: Այս միջոցառումը կարևոր մի ստուգարք էր, որը պետք է շարունակական բնույթ կրի, քանի որ այն  տեսանելի դարձրեց  և ապացուցեց, որ մեր մատաղ սերունդը  գիտի իր ով լինելը և գնահատում ու կարևորում է քրիստոնեական գիտելիքների ձեռք բերումը:

Մրցույթի ավարտին կիրակնօրյա վարժարանների ուսուցիչները արժանացան թեմի առաջնորդի Օրհնության գրերին` իրենց ազնիվ և նվիրական առաքելության համար:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here