ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցները հյուրընկալվեցին Արմավիրում

Jul 03, 2015 | Թողնել մեկնաբանություն

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ ս/թ հուլիսի 1ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում մեկնարկեց Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովը: Ժողովին իրենց մասնակցությունն են բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորներ, Սփյուռքի և տեղական թեմերի և հայրապետական պատվիրակությունների ներկայացուցիչ երիտասարդներ: Արմավիրի թեմը ներկայացնում են 3 պատվիրակներ Արմավիր և Մեծամոր քաղաքներից և Գայ համայնքից: Ժողովի օրակարգային խնդիրներն են ՀԵԵՄ ընդհանուր ուղեցույցի և բյուջեի նախագծի քննարկումը, միջթեմական համագործակցության ծրագրերը:

Հուլիսի 2-ին, օրակարգային հարցերի քննարկումից հետո պատվիրակները հյուրընկալվեցին Արմավիրի թեմում: Նրանք այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, ստացան Արմավիրի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանի օրհնությունը, որից հետո մտան Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարան: Սարդարապատում պտույտից հետո նրանք ուղևվորվեցին Արմավիրի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի:

Այստեղ նրանց դիմավորեցին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ԱՄՆ Արեւմտյան  հայոց  թեմի  առաջնորդ,  Հայ  Եկեղեցու  Երիտասարդաց Միաւորման (ՀԵԵՄ) նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արգենտինայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, քահանաները, թեմի երիտասարդներն ու հավատացյալները: Արմավիրի թեմակալ առաջնորդը ողջունեց հյուրերին, տվեց իր հայրական օրհնությունը և նշեց, որ անչափ ուրախ է, որ կան այսպիսի հավատավոր երիտասարդներ, ովքեր և´ սփյուռքում, և´ հայրենիքից ներս կանգնած են եկեղեցու կողքին և ջանք ու եռանդ չեն խնայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վաղվա պայծառության համար: Ի հավելումն նշեց, որ նմանատիպ միջոցառումները լավագույն առիթ են երիտասարդներին ներգրավելու և համախմբվելու եկեղեցու շուրջ: Միասնական աղոթքից հետո ուխտավորները մասնակցեցին տոնակատարության, որը կազմակերպել էին Արմավիրի մշակույթի տան սաները և Արմավիրի երիտասարդները,  այնուհետև՝   հյուրասիրության:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here