Արևագալի ժամերգություն Սարդարապատի Սբ. Աստվածածին եկեղեցում

Mar 16, 2016 | Թողնել մեկնաբանություն

Մոտենում է Ավագ Շաբաթը, և ավարտին է մոտենում Արմավիրի թեմի հոգևոր դասի «ճանապարհորդությունը» Արմավիրի թեմի եկեղեցիներով:

Այսօր՝ մարտի 16-ին, Արմավիրի թեմի հոգևորականաց դասը, թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի նախագահությամբ Սարդարապատի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր:

1865-1882թթ-ին կառուցված այս բազիլիկ եկեղեցին Սովետական շրջանում ծառայել է որպես հացահատիկի պահեստ: 2010թ.-ին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այն վերաօծվեց և կրկին իր դռները բացեց ժողովրդի առաջ:

Ողջ հոգևոր դասով անցկացրեցին Արևագալի ժամերգություն, խնդրելով՝ Աստծո ողորմածությունը մեր ժողովրդի բարօրության և հայրենիքի սահմանների խաղաղության համար: Քարոզխոսությամբ հանդես եկավ Տանձուտ համայնքի հոգևոր հովիվ՝ Տեր Մովսես քահանա Աշուրյանը, ով խոսեց մեղքի և ապաշխարության մասին:

«Սիրելիներ, Մեծի Պահոց շրջանի կարևոր աղոթքը, որ կարծես բանալին է մյուս աղոթքների, դա այս է՝ «Յամենայն ժամ աղաչանք իմ այս է, իմ մեղաց իմոց սուրբ արա զիս Տեր»: Եվ իրապես, այս ժամանակահատվածը, որ մեզ են մատուցել մեր եկեղեցու Սրբազան Հայրապետները, մի գեղեցիկ հրավեր և առիթ է, որ յուրաքանչյուր մեկս անդրադառնանք մեր անձին և մեր կյանքին: Մեղքը աշխարհ մտավ արարչության հենց սկզբից, Ադամից և Եվայից և շարունակվում է մինչև մեր օրերը: Բնականաբար, որտեղ մարդ արարածը, այնտեղ և՝ մեղքը: Բայց եթե կա մեղքը, կա նաև այդ մեղից ազատվելու բոլոր պայմաններն ու միջոցները: Դրանք են ապաշխարությունը,մեղքերի խոստովանությունը, ողորմածությունը և այլն: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մեջ էլ անընդհատ կարդում ենք՝ «Տեր, քավիր իմ մեղքերը և սրբիր ինձ…»: Ինչպես այս սրբակենցաղ մարդը, որ անընդհատ իրեն մեղավոր էր համարում՝ Աստծուց խնդրելով քավություն և թողություն, առավել ևս մե՛նք կարիք ունենք մաքրվելու և սրբվելու, ամեն օր և ամեն ժամ: Եվ ահա, եկեղեցին մեզ այս հրավերն ու առիթն է տվել Մեծ պահքի ընթացքում, որպեսզի մենք մեր խոսքերի, մտածումների և վարքի մեջ լինենք զգոն և ուշադիր…»

Տեր Մովսեսի խոսքից հետո Սրբազան Հայրը կոչ արեց ներկա հավատացյալներին, մշտապես լինել եկեղեցու կողքին, և ոչ՝ միայն տոնական օրերին, քանի որ եկեղեցին կարիքը ունի աղոթքի, տաք շնչի և ժողովրդի ներկայության:

Ապա, միասնական «Հայր Մեր» աղոթքով ավարտեցին Արևագալի ժամերգությունը:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here