Տոն Սբ. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

Jun 16, 2016 | Թողնել մեկնաբանություն

Այսօր` հունիսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ թարգմանիչներ` Սահակի և Մեսրոպի տոնը:

Արմավիրի թեմի Տանձուտ համայնքի եկեղեցին Սուրբ Սահակ է կոչվում, և այսօր այդ եկեղեցու ուխտի օրն է: Տարբեր համայքներից Սուրբ Պատարագին մասնակցելու էին եկել ուխտավորներ: Պատարագիչն էր եկեղեցու հովիվ` Տեր Մովսես քհն. Աշուրյանը:

Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիոն եպս. Ադամյանը ներկայացրեց տոնի խորհուրդը, գրերի ստեղծման պատմությունը և հորդորեց հավատարիմ մնալ Հայ Եկեղեցու վարդապետությանը, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթև Հայրապետի թողած գրերի ժառանգությանը, պահել ու պահպանել հայ գիրն ու խոսքը:

Սբ. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ`  երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր: 

Սբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Սբ. Մեսրոպը զգում է հայ տառերի եւ հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք: Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպն սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունը Առակաց գրքի առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստությիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Սբ. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:  Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Սբ. Սահակ Պարթևի և Սբ. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:

Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս.Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սբ. Խաչի Դ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here