Ամառային առաջին զորակոչը Արմավիրի թեմում

Jul 01, 2016 | Թողնել մեկնաբանություն

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 10-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2016 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը,  ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, նորակոչիկների հարազատներ և համայնքապետեր:

Չխախտելով ավանդույթը՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ, մարզպետի և մարզի հոգևոր առաջնորդի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը:

Օրվա կապակցությամբ նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը` նշելով. «Աստծո կամոք դուք այսօր գնալու եք լրացնելու Հայոց բանակի կուռ շարքերը, կանգնելու այն զինվորի կողքին, ով իր մարտունակությամբ, կազմակերպվածությամբ և անհաղթելի ուժով մշտարթուն պաշտպանում է մեր երկրի սահմանները:

Մենք աղոթում ենք, որ Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին և հատկապես Հայոց երկնակամարին, աղոթում ենք, որ դուք ծառայեք խաղաղ պայմաններում: Թող Աստված պահի ու պահպանի բոլորիդ»:

Այնուհետև նորակոչիկներին բաժանվեցին աղոթագրքեր , սրբապատկերներ և խաչեր:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here