Ազգային Եկեղեցական Ժողովի պատվիրակների ընտրություններ

Dec 02, 2016 | Թողնել մեկնաբանություն

Ս/թ դեկտեմբերի 1-ի, Արմավիրի թեմի առաջնորդարանում գումարվեց ժողով, որը պիտի ընտրեր առաջիկա Ազգային Եկեղեցական Ժողովին (ԱԵԺ) մասնակից Արմավիրի թեմի պատգամավորներ և անձնափոխանորդներ: Արմավիրի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի նախագահությամբ՝ «Հայր Մեր» աղոթքով սկսվեց  ժողովը:

Ժողովին ներկա էին նախապես Սրբազան հոր կողմից առաջադրված պատվիրակները, ովքեր հասարակական կյանքում կարևոր դերակատարում ունեցող և, մշտապես եկեղեցու կողքին կանգնած անձինք են: Նրանց թվում էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչյա Սարգսյանը, Արմավիրի թեմի ատենապետ Տիգրան Հովհաննիսյանը, այլ պաշտոնյաներ, թեմի քահանաներ, աշխատակիցներ, կիրակնօրյա վարժարանների ուսուցիչներ, ՀԿ ներկայացուցիչներ:

Սրբազան Հայրը ներկայացրեց  հանդիպման հիմանական նպատակը, այն է` ԱԵԺ-ի կարևորությունը հայ ժողովրդի և եկեղեցու կյանքում: ԱԵԺ գումարման հիմնական խնդիրը եղել է Հայոց Հայրապետի ընրությունը: Սակայն, ի նկատի ունենալով Եկեղեցու առաջ ծառացած մի շարք կարևոր խնդիրները, Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշմամբ 2017թ.-ին նախատեսվում է գումարել հերթական Ազգային Եկեղեցական Ժողովը: Ինչու՞ Ազգային, քանի որ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է. ներկա պատգամավորների մեծամասնությունը աշխարհիկ մարդիկ էին և, ամենակարևորը,  մեր եղեկեցու հովվապետը նույնպես ընտրվում է ժողովրդի մասնակցությամբ: Ուրիշ ոչ մի եկեղեցում նման դրվածք չկա:

Հաշվի առնելով Արմավիրի թեմի բնակչության թիվը, Արմավիրի թեմից ժողովին կներկայանան 14 պատգամավորներ: Յուրաքանչյուր պատգամավորի համար Սրբազան հայրը առաջադրել էր անձնափոխանորդ, որը հավասարազոր է պատգամավորին և նրա հարգելի բացակայության դեպքում` կփոխարինի նրան:

Սրբազան Հայրը հերթով կարդաց պատգամավորների և անձնափոխանորդների անունները և ներկայացրեց նրանց գործունեությունը: Ավարտին առաջարկեց  բաց  քվերակությամբ հաստատել տվյալ մարդկանց մասնակցությունը ԱԵԺ-ին: Ժողովականները միաձայն ընտրեցին առաջադրված պատգամավորներին և անձնափոխանորդներին:

Արմավիրի թեմի ատենապետ Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց իր շնորհակալությունը  նման վստահության համար, որ հենց իրենց առիթ կտրվի մասնակիցը դառնալու նման բացառիկ երևույթի, քանի որ վերջին անգամ Ազգային Եկեղեցական Ժողով գումարվել է  17 տարի առաջ:

Աղավնատան Սուրբ Աննա եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Վարդերեսյանը հանդես եկավ առաջարկով, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ այսպիսի ժողով կազմակերպվի ներթեմական խնդիրներին լուծում տալու համար:

Սրբազանը Հայրը և ժողովականները սիրով ընդունեցին առաջարկը:

Սրբազան Հայրը շնորհավորեց պատգամավորներին և անձնափոխանորդներին, կրկին անգամ հիշեցնելով նրանց դերի կարևորությունը  վստահեցրեց, որ իրենց մասնակցությամբ շահելու է Արմավիրի թեմը և մայր եկեղեցին:

Ժողովն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here