Ջանֆիդայի երիտասարդների այցելությունը Արմավիրի գիշերօթիկ դպրոց

Dec 16, 2016 | Թողնել մեկնաբանություն

«Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5:8)

Աստվածաշնչյան այս պատգամը կարծես վերջին շրջանի կարգախոսն էր դարձել Ջանֆիդայի Սուրբ Կարապետ եկեղեցու երիտասարդների համար: Դեկտեմբերի 15-ին Ջանֆիդայի Սուրբ կարապետ եկեղեցու երիտասարդները, հոգևոր հովիվ Տեր Արիս քահանայի գլխավորությամբ այցելեցին Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ օժանդակ դպրոց: Երիտասարդները ջանք ու եռանդ չէին խնայել` այդ օրը երեխաների համար տոն դարձնելու համար: Հավաքել էին հագուստ և խաղալիքներ: Իսկ հավաքված գումարով գնվել էին տարաբնույթ գրենական պարագաներ` նկարչության ալբոմներ, մատիտներ, գունավոր թղթեր, հեքիաթների և առակների գրքեր և այլն: Այցելության նպատակը ոչ միայն երեխաներին ուրախացնելն էր, այլ` բարեկամություն հաստատելը, որպեսզի նման այցերը շարունակական լինեն: Երիտասարդները նախ հանդիպեցին դպրոցի տնօրեն Լիլիա Աստարյանի հետ, ներկայացրեցին իրենց գործունեությունը: Տիկին Ասատրյանն էլ ներկայացրեց դպրոցի և սաների առօրյան ու խնդիրները:

Ապա երիտասարդները մտան դահլիճ, որտեղ արդեն հավաքվել էին դպրոցի սաները: Տեր Արիս քահանան առաջարկեց, բոլորով միասին արտասանեն «Հայր մեր» աղոթքը: Տեր Հայրը շնորհավորեց երեխաներին և ուսուցչական կազմին` գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով, նրանց ներկայացնելով Սուրբ ծննդյան խորհուրդը: Մթնոլորտն այնքան ջերմ էր ու անմիջական, որ շատ արագ հարթվեց երեխաների և հյուրերի միջեւ եղած անծանոթության մթնոլորտը: Եկեղեցու երիտասարդները կատարեցին հոգևոր երգեր, իսկ դպրոցի սաները` գեղեցիկ երգեր ու բանաստեղծություններ: Այդ անկեղծ ու անմիջական շփումից բոլոր ներկաները հասկացան ու համոզվեցին, որ մանկական պարզ ու անկեղծ աշխարհը սահման չունի, հատկապես` այս երեխաների մոտ: Ավարտին բոլոր երեխաներին բաժանվեցին բերված նվերները: Մթնոլորտը և երեխաների անկեղծությունը ստիպեց երիտասարդերին երեխաների հետ անցնել իրենց խաղասենյակներ, որտեղ սկսեցին ներկել ու նկարել, խաղալ` շախմատ ու շաշկի:  Քանի որ մոտենում էր երեխաների ընթրիքի ժամը, երիտասարդները, չնայած` ավելի երկար մնալու ցանկությանը,  ստիպված հրաժեշտ տվեցին` կրկին հանդիպելու խոստումով:

Նմանատիպ փաթեթներ պատրաստվել են նաև Ջանֆիդա հանայքնի անապահով ընտանիքների համար, որոնք Ձմեռ պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ երիտասարդները կբաժանեն Սուրբ Ծննդյան նախօրեին:

 

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here